Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ու Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը 2026 թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով: Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ իր հարկի ներքո համախմբելով Լոռվա մշակութային ժառանգության ուսումնասիրության ու պահպանության տարբեր բնագավառներում մասնագիտացող հետազոտողներին (պատմաբաններ, մշակութաբաններ, արվեստաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ, վերականգնող-կոնսերվատորներ, ֆոնդապահներ և այլք)՝ ներկայացնելու իրենց ընթացիկ կամ ավարտուն ուսումնասիրությունները:
Գիտաժողովին մասնակցելու համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը անհրաժեշտ է գիտաժողովի կազմկոմիտեին info@armheritage.am էլ. հասցեով ուղարկել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում, ներառյալ՝ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է, ինչպես նաև կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցման հիմնական գաղափարը և ուսումնասիրության նպատակը:
Թեմատիկ զեկուցումների համար սահմանվում է 15 րոպե և ևս 5 րոպե՝ քննարկումների համար։
Դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
Ուշադրություն. Գիտաժողովի նյութերը տպագրվելու են «Հուշարձան» գիտական հանդեսի հերթական համարում:
Ավելի մանրամասն տե´ս՝ https://u.to/2_ukIg